Անի Դասպանյան
Ես՝ Անի Դասպանյանս, ծնվել եմ Երևանում: 2014 թվականին ծնողներիս հետ տեղափոխվել եմ Շվեդիայի Թագավորություն, որտեղ էլ բնակվում եմ վերջին տասը տարիների ընթացքում:
2024 թվականին ավարտել եմ Անգլիայի Մանչեստրի համարսարանի «Քաղաքականություն, փիլիսոփայություն և էկոնոմիկա» բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան: Այժմ մագիստրոսական կրթություն եմ ստանում Շվեդիայում՝ Գյոթեբորգի համալսարանում՝ էկոնոմիկայի ոլորտում:
Կրթությանը զուգահեռ՝ տասանյոթ տարեկանից զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ: Ունենալով ակտիվ ներգրավվածություն Շվեդիայի «Լիբերալ» կուսակցությունում և վերջինիս երիտասարդական թևում, ինչպես նաև 2018 թվականին ճանաչվելով «Տարվա երիտասարդ լիբերալ», միշտ փորձել եմ հնարավորինս ներկայացնել Հայաստանն ու Արցախը, ինչպես նաև բարձրաձայնել Հայոց ցեղասպանության հարցը: 2022 թվականին եղել եմ Ուլրիցեհամնի մարզային պատգամավորական ընտրությունների ամենաերիտասարդ թեկնածուն և ներկա պահին հանդիսանում եմ սույն քաղաքի «Լիբերալ» կուսակցության ղեկավարական կազմի անդամ: 2023 թվականից ընդգրկված եմ նաև Եվրոպական միության «ԵԱԺԴ» կուսակցության երիտասարդական թևի «Եվրոպայի ազատական երիտասարդություն» շարժման տեղեկատվական թիմի ղեկավարական կազմում:
2022-2024 թվականներին կրթությամբ պայմանավորված՝ ժամանակավոր բնակություն եմ հաստատել Մեծ Բրիտանիայում, ակտիվորեն ներգրավվել եմ Մանչեստրի հայկական համայնքի գործունեությանը՝ դասավանդելով հայոց լեզու հայկական կիրակնօրյա դպրոցում և մասնակցելով մի շարք համայնքային միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը: Վերադառնալով Շվեդիա՝ համայնքային ակտիվությունը շարունակում եմ Գյոթեբորգի «Ռեգիոնալ ՀայԱկտիվ» միությունում՝ որպես միության երիտասարդական թևի պատասխանատու:
Ազատ ժամանակ ես գրում եմ բանաստեղծություններ: Ներկայում ունեմ հրատարակած երկու բանաստեղծական ժողովածուներ, որոնցից մեկը հրատարակվել է Շվեդիայում, իսկ մյուսը՝ Հայաստանում:
Որպես Շվեդիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ ես ցանկանում եմ առաջիկա տարում կազմակերպել և իրագործել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն Շվեդիայում հայկական արժեքների և ինքնության պահպանմանն ու փոխանցմանը նոր սերնդին, կներկայացնեն հայկական մշակույթը շվեդ հանրությանը, կխթանեն համայնքների զարգացումն ու կապերի ամրապնդումը ինչպես հայրենիքի, այնպես էլ սփյուռքի մյուս հայկական համայնքների հետ: