Սուսաննա Մինասարյան
Ես Սուսաննա Մինասարյանն եմ։ Ծնվել եմ Հայաստանում՝ Վեդի քաղաքում, մանկությունս անցել է Արտաշատում։ 13 տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Ռուսաստանի Անապա քաղաք։
Մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եմ, այժմ սովորում եմ նաև ծրագրավորում։
Ռուսաստան տեղափոխվելիս կարծում էի, որ ժամանակավոր ենք հեռանում հայրենիքից, բայց արդեն երկար տարիներ բնակվում եմ Անապայում։ Տեղի հայ համայնքին միացել եմ 2020 թ․-ին, քանի որ ցանկանում էի ավելի մոտ լինել արմատներիս։ Ի սկզբանե հետաքրքրված էի բարեգործական նախաձեռնություններով, բայց ժամանակի ընթացքում համայնքի երիտասարդների հետ միասին ընդլայնեցինք մեր գործունեությունը։
Գիտակցելով երիտասարդության շրջանում ուսումնաճանաչողական նախաձեռնությունների կարևորությունը՝ մենք սկսեցինք կազմակերպել մշակութային միջոցառումներ, հուշերեկոներ՝ նվիրված էին հայ մեծանուն գրողներին և ազգային հերոսներին։ Այսպես ձևավորվեց մեր երիտասարդական թիմը՝ «Նոր Հայք»։
Որպես սփյուռքի երիտասարդ դեսպան ցանկանում եմ նպաստել սփյուռքի կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, առողջ գաղափարախոսություն քարոզել և ներկայացնել մարդկանց այն հնարավորությունները, որոնք այսօր ստեղծված են Հայաստանում։