Ստելլա Աբգարյան

Ես Ստելլա Աբգարյան եմ, 23 տարեկան։ Ապրում եմ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, սակայն բախտ եմ ունեցել ծնվել Հայաստանում։
Չհաշտվելով հայրենիքից հեռանալու հետ՝ փոքր տարիքից սկսել եմ հաճախել Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց Թեմի Առաջնորդանիստ Եկեղեցուն կից գործող «Վարդանյան» կրթամշակութային կենտրոն և եկեղեցի։ Այն համայնքը, որ ժամանակին ինձ ջերմորեն ընդունեց ու դաստիարակեց, այսօր դարձել է իմ ակտիվ հասարակական գործունեության հիմնական կենտրոնը։
Ներկայումս ես Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց Թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միության փոխատենապետն եմ և այս կարգավիճակով ակտիվորեն համագործակցում եմ մեր թեմի այլ քաղաքների երիտասարդաց միությունների, ինչպես նաև տարբեր երկրների թեմական երիտասարդական կառույցների հետ։
Մասնագիտությամբ իրավաբան եմ։ Սովորել եմ Ռուսաստանի Պետական Արդարադատության Համալսարանում։ Ուսումնառության ընթացքում և այն ավարտելուց հետո աշխատել եմ դատարանում՝ որպես պետական ծառայող։ Ներկայումս աշխատում եմ իրավաբան Կրասնոդարի երկրամասում և Ադիգեայի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարող ընկերությունում։
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում ցանկանում եմ ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ և կապեր թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի տարբեր համայնքներում։ Իմ նպատակը փորձի փոխանակումն է, ձեռք բերված գիտելիքների ներդրումը հայրենանվեր գործունեության մեջ, ինչպես նաև Կրասնոդարի համայնքային ու ծխական կյանքի ամրապնդումն ու կապերի զարգացումը Հայաստանի հետ։
Հավատում եմ, որ իմ մասնագիտական և մարդկային որակները կարող են օգտակար լինել ծրագրին ու ապագա գործընկերներիս։