Սոֆյա Այդինյան
 
                    Ես Սոֆյա Այդինյան եմ, 22 տարեկան, ներկայումս բնակվում եմ Մոսկվայում:
Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում, սակայն ամառվա մի քանի ամիսները միշտ անցկացնում էի Հայաստանում։ Մանկությանս տարիներին մայրս հոգում էր, որ մենք՝ ես և քույրս, ճանաչենք մեր արմատները և մեծանանք հայ։ Մենք հաճախում էինք Հայաստանի դեսպանատան դպրոց, որտեղ ուսումնասիրում էինք հայոց լեզու, պարեր, երաժշտություն, պատմություն և մշտապես պահում կապը մեր հայրենիքի հետ։
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը գերազանցությամբ ավարտելուց հետո որոշեցի հաջորդ տարին նվիրել հայ համայնքում աշխատանքին։
Այժմ ես ակտիվորեն ներգրավված եմ Հայ իրավաբանների ասոցիացիայի գործունեության մեջ, որտեղ ղեկավարում եմ երիտասարդության գիտական զարգացումը։
Իմ առաքելությունն է խթանել հայկական երիտասարդության և սկսնակ իրավաբանների ներգրավումը գիտական գործունեության մեջ, ստեղծել ուժեղ և մրցունակ երիտասարդ մասնագետների համայնք՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։
Որպես Ռուսաստանի ներկայացուցիչ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրում՝ նպատակ ունեմ զարգացնել փորձի փոխանակումը Հայաստանի և Ռուսաստանի մասնագետների ու գիտաշխատողների միջև, ինչպես նաև միջազգային մասնագետների հետ, աջակցել համատեղ հետազոտությունների իրականացմանը և ծառայել որպես կապող օղակ հայկական երիտասարդության և միջազգային հնարավորությունների միջև։