Մարիա Հակոբյան

Ես Մարիա Հակոբյանն եմ: Ծնվել եմ Հայաստանի Արմավիրի մարզի գյուղերից մեկում։ Չորս տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Շվեդիա։ Մանկուց ցանկացել եմ անձամբ բացահայտել Հայաստանը, և հենց այդ ձգտումն էլ դարձավ այն հիմնական պատճառներից մեկը, որ 2021-2022 թվականներին մասնակցեցի իԳործ ծրագրին։ Այդ ընթացքում հնարավորություն ունեցա իմ գիտելիքներով և փորձով ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում։ Ինձ համար մեծ նշանակություն ուներ զգալ, որ կարողանում եմ լինել օգտակար և ծառայել հայրենիքին։ Վերադառնալով Շվեդիա՝ առավել կարևոր դարձավ պահպանել կապը Հայաստանի հետ և շարունակել մասնակցել հայկական նախաձեռնություններին։
Մասնագիտությամբ իրավաբան եմ և իրավագիտության մագիստրոսի աստիճան եմ ստացել Լունդի համալսարանում։ Մասնագիտական գործունեությունից զատ, ես AGBU Young Professionals of Sweden կազմակերպության հիմնադիրն ու նախագահն եմ։ Կազմակերպությունը ստեղծել եմ՝ Շվեդիայում ապրող հայ երիտասարդներին հնարավորություն տալու միավորվել, շփվել և նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան Շվեդիայում՝ իմ նպատակն է ձևավորել ամուր հարթակ, որտեղ Շվեդիայի հայերը կարող են միմյանց հետ կապ հաստատել, համագործակցել և փոխանակվել գաղափարներով։ Միևնույն ժամանակ ձգտում եմ խորացնել կապերը Շվեդիայի հայկական համայնքի, աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերի և Հայաստանի միջև՝ նպաստելով համահայկական միասնության ամրապնդմանը։