Նաիրա Գրիգորյան
Նաիրա Գրիգորյանը ծնվել և մեծացել է Հայաստանում։ Ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և մասնագիտական գործունեությունը սկսել է որպես իրավաբան՝ Ֆինանսների նախարարությանն առընթեր «Գյուղական ֆինանսավորման կառույց» ՊՀ-ում։
2008 թվականին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք։ 2010–2012 թվականներին աշխատել է «Նարիշկինների Փաստաբանական կոլեգիա»-ում՝ որպես փաստաբանի օգնական։ 2012 թվականին հաջողությամբ հանձնել է փաստաբանի որակավորման քննությունը և ստացել փաստաբանի արտոնագիր։ 2012–2016 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի փաստաբանների պալատի անդամ-փաստաբան՝ արդյունավետ վարելով քաղաքացիական և քրեական գործեր և դրսևորելով բարձր մասնագիտական պատրաստվածություն և պատասխանատվություն։
2016 թվականին տեղափոխվել է Մոսկվա և ներկայումս հանդիսանում է Մոսկվա քաղաքի Փաստաբանների պալատի անդամ-փաստաբան։ Իր երկարամյա գործունեության ընթացքում շարունակաբար մատուցել է իրավաբանական աջակցություն ու պաշտպանություն քրեական, վարչական և քաղաքացիական գործերով։ Մասնագիտական նվիրումի համար բազմիցս պարգևատրվել է Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի փաստաբանների պալատների պատվոգրերով և շնորհակալագրերով։
2020 թվականից հանդիսանում է Հայ իրավաբանների ասոցիացիայի համահիմնադիր՝ նպաստելով հայկական իրավաբանական համայնքի միավորմանը։ Ասոցիացիայի շրջանակում բազմիցս իրականացրել է անհատույց իրավական աջակցություն Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ՀՀ քաղաքացիներին՝ միգրացիոն, քաղաքացիական և քրեական գործերով՝ ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունն ու իրավական իրազեկվածության բարձրացումը։
«ԻԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական վարչությունում։