Արաքսյա Վարդանյան
Ես Արաքսյա Վարդանյանն եմ։ Ծնվել եմ Հայաստանի Արմավիր քաղաքում, մեծացել և ապրել եմ Երևանում մինչև 16 տարեկանը, այնուհետև տեղափոխվել եմ Ֆրանսիա։ Արդեն 12 տարի է՝ բնակվում եմ Մոնտոբան քաղաքում։
Կրթությունս ստացել եմ Թուլուզ Կապիտոլ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ ստացել եմ իրավագիտության մագիստրոսի երկրորդ աստիճան։ Կրթությունն ինձ հնարավորություն է տվել խորացնելու իրավական գիտելիքներս, զարգացնելու վերլուծական հմտություններս և ձևավորելու մարդու իրավունքների պաշտպանության ու արդարության կարևորության վերաբերյալ խոր ըմբռնում։
Մասնագիտությամբ իրավաբան եմ և ներկայումս աշխատում եմ երեխաների պաշտպանության ոլորտում։ Մասնագիտական գործունեությանս զուգահեռ՝ ներգրավված եմ մի շարք հասարակական կազմակերպությունների աշխատանքներում, ինչպես նաև մասնակցում եմ տեղական հասարակական-քաղաքական կյանքին։
Ներգրավված եմ Թուլուզի Հայերի Միության գործունեության մեջ՝ ոչ միայն պարբերաբար մասնակցելով, այլև կազմակերպելով մշակութային և համայնքային տարբեր միջոցառումներ։ Իմ մասնակցությամբ և նախաձեռնությամբ փորձել եմ նպաստել հայկական մշակույթի պահպանմանն ու փոխանցմանը, ինչպես նաև Թուլուզի հայ համայնքի միջև կապերի ամրապնդմանը։
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցությամբ ցանկանում եմ նպաստել Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը, սերունդների միջև երկխոսության և փոխկապակցվածության խթանմանը։ Ինձ համար կարևոր է տարածել հայկական մշակույթն ու պատմությունը, ինչպես նաև խրախուսել արտերկրում ապրող հայ երիտասարդներին պահպանել և զարգացնել իրենց կապը հայրենիքի և իրենց արմատների հետ։
Ցանկանում եմ իմ մասնագիտական փորձը, գիտելիքներն ու նվիրվածությունը ծառայեցնել հայկական համայնքի զարգացմանը՝ նպաստելով դրա տեսանելիության բարձրացմանը, երիտասարդների ներգրավվածությանը և ապագայի կերտմանը։