Ալինա Օվանեսսո
Հայաստան եմ եկել Փարիզից, որն իմ տունն էր վերջին 9 տարիներին։ Մշակութային տարբեր խառնուրդների կրող եմ հանդիսանում: Ծնվել եմ Էստոնիայում, ապրել եմ նաև Դանիայում և Բելգիայում: Արդյունքում մի շարք լեզուների եմ տիրապետում: Սա համարում եմ մշտապես զարգացող գործընթաց, ուստի սիրով եմ սովորում նոր լեզուներ: Թեև իմ մասնագիտական փորձն ընդգրկում է մասնավոր հատվածը, միջպետական հարցերը (մասամբ քաղաքացիական հասարակությունը), իսկ վերջերս նաև գիտական ոլորտը, ես ձգտում եմ առավելագույնս իրացնել իմ ներուժը բազմաշահառու քաղաքականության մշակման մեջ:
Շատ եմ կարևորում ներառական քաղաքականության շուրջ կլոր սեղան քննարկումները, քանզի հավատացած եմ, որ դրանք մասնակցային ժողովրդավարության երաշխիքներ են հանդիսանում:
«իԳործ»-ի շրջանակներում ինձ հրավիրեցին միանալու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը` ներգրավելով ազգային նորարարության քաղաքականության մշակման աշխատանքներում (առկա գնահատման մոդելների, ինչպես նաև համակարգման մեխանիզմների վերլուծության միջոցով):
Ես լիահույս եմ, որ իմ ներդրումը կծառայի վերոնշյալ նախարարության կարիքներին, ինչպես նաև թույլ կտա ինձ աճել այնպես, ինչպես սովորաբար անում եմ՝ դուրս գալով հարմարավետության գոտուց, և այս անգամ դա կլինի իմ հայրենի երկրում՝ Հայաստանում:
Ամփոփելով ես կցանկանայի մեջբերել Անաիս Նինի խոսքերը, որն ինձ լավագույնս է բնութագրում. «Կյանքը փոքրանում կամ ընդլայնվում է սեփական քաջությանը համաչափ»։