Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչների հետ
23 Մարտի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Էդգար Էվոյանի գլխավորությամբ: ԱՌՖԻ-ն (ARFI - Armenia Financed) Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակն է, որը հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր տեխնոլոգիական ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը։
Զարեհ Սինանյանը կարևորել է ներդրումային հարթակի ստեղծումը, որը հրաշալի միջոց է հանդիսանում Հայաստանում նոր բիզնեսի գաղափարների իրագործման, բիզնես միջավայրի զարգացման, ներդրողների համար լրացուցիչ եկամտի աղբյուրի ստեղծման, այլընտրանքային ֆինանսական ներդրումները խթանելու, տեղական ներդրումային մշակույթը զարգացնելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք կապը ամրապնդել համար:
«Հարթակը, որի պաշտոնական մեկնարկն ակնկալվում է ապրիլին, լինելու է էլեկտրոնային միջավայրում ներդրումներ ներգրավելու գործիք: Այն հնարավորություն կտա և՛ լոկալ բիզնեսներին ֆինանսավորում ներգրավել, և՛ ներդրողներին ամբողջ աշխարհից մասնակցություն ունենալ պոտենցիալ ունեցող հայկական նախագծերում»,-նշել է Էդգար Էվոյանը՝ Գլխավոր հանձնակատարին մանրամասն ներկայացնելով հարթակի զարգացման հեռանկարները և ուղղությունները: Ընդգծվել է նաև, որ ԱՌՖԻ-ն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին հարթակի անվտանգությանը, թափանցիկությանը, բաժնետոմսերի թողարկման հնարավորություններին, սփյուռքի ներգրավվածությանը և այլ հարցերի: Հանդիպման ավարտին կողմերը համագործակցելու և ներդրումային հարթակը սփյուռքյան համայնքներում ներկայացնելու պատրաստակամություն հայտնեցին: