Սփյուռքի երիտասարդ դեսպանները 2 կրթական կենտրոն են հիմնել
31 Մարտի 2023
Փորձի փոխանակումը «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի աշխատանքային հիմնական ուղղություններից մեկն է:
ՌԴ Չիտա քաղաքի հայ համայնքի ղեկավար, Չիտայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Հարություն Աթոյանը և ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի համայնքապետի տեղակալ, Կրասնոյարսկում Սփյուռքի երիտասարդ դեսպան Արմեն Սարգսյանը դեսպան-գործընկերների հետ կիսվեցին կրթամշակութային կենտրոնների ստեղծման իրենց փորձով:
Հարությունը կենտրոնը կառուցել է հիմքից: Նա ներկայացրեց, թե ինչպես հղացավ կենտրոնի ստեղծման գաղափարը և ինչ փուլեր հաղթահարեց այն իրականացնելու համար՝ սկսած տարածք գտնելուց, պետության և համայնքի հետ համագործակցությունից, ֆինանսավորման ռեսուրսներից, բովանդակային նշանակության հարցերից, մարդկանց ներգրավվումից մինչև այսօր արդեն գործող հաստատության արդյունավետ գործունեության ապահովումը:
Արմենը կարողացավ վերականգնել դեռևս 2003 թ. ստեղծված դպրոցը, առաջ բերեց նոր գաղափարախոսություն ու հնարավորություններ, ապահովեց դասընթացների անցկացման համար նոր միջավայր, ներգրավվեց բարձր որակավորում ունեցող մասնագետների, ներդրվեցին ուսումնական նոր մեթոդներ, ինչի արդյունքում էլ ավելացավ կենտրոնում ուսանողների թիվը:
Երկու կենտրոններն էլ կրում են Մեսրոպ Մաշտոցի անունը:
Փոխլրացնող տեղեկատվությամբ՝ նրանք շեշտադրեցին հիմնական դժվարություններն ու մարտահրավերները, դրանց լուծման ու հաղթահարման տարբերակները, կարևորեցին «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի որոշիչ ազդեցությունն իրենց գործունեության վրա, մյուս դեսպանների հետ համագործակցությունն ու իրարից սովորելու ձգտումը, պատրաստակամություն հայտնեցին օգտակար լինել իրենց գործընկերներին այս գործում հաջողության հասնելու ճանապարհին:
Փորձի փոխանակման այս հանդիպումն արդյունավետ էր մասնակիցների համար: Նրանք ևս կիսվեցին իրենց փորձով ու պատկերացումներով, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Մեր առաջիկա հրապարակումներում ավելի մանրամասն կներկայացնենք կենտրոնների գործունեությունը: