Առցանց հանդիպում Միջին Ասիայի հայ համայնքների հետ
06 Ապրիլի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ղազախստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի մարզային համայնքային 10-ից ավելի կառույցների հետ: Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ Աստանայից, Ալմաթիից, Ակտաուից, Ուրալսկից, Պետրոպավլովսկից, Կոստանայից, Շիմքենտից, Ակտոբեից, Տաշքենտից, Սամարղանդից, Անդիժանից և Դուշանբեից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է Ղազախստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հայ համայնքների հետ համագործակցության ակտիվացումը: «Ուրախ ենք նկատել, որ տեղի հայ համայնքները գնալով առավել կազմակերպված և համախմբված են դառնում: Ոգևորիչ է նաև, որ որոշակի մասնակցություն ենք նկատում նաև մեր գրասենյակի ծրագերին: Լիահույս ենք, որ այդ մասնակցայնությունը գնալով ավելի կընդլայնվի, և սիրով սպասում ենք նաև համայնքների երիտասարդներին ամռանը Հայաստանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովի շրջանակներում»,- նշել է Գլխավոր հանձնակատարը: Նա նաև ներկայացրել է գրասենյակի ծրագրերը և աշխատանքները:
Այնուհետ հանդիպմանը ներկաներն անդրադարձ են կատարել համայնքներում իրավիճակին, խնդիրներին և կատարել իրենց առաջարկություննեը: