Գլխավոր հանձնակատարը հանդիպել է շվեյցարահայերի հետ
13 Ապրիլի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Շվեյցարիայի «Fondation Alliance Arménienne de Genève» կազմակերպության նախագահ, շվեցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամների հետ:
Շնորհակալություն հայտնելով շարունակական համագործակցության համար՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ կազմակերպությունն իր ծրագրերով և աշխատանքի ուղղություններով ակտիվ ներկայություն ունի Հայաստանում և հատկապես մարզային զարգացման նախաձեռնություններում: Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է նաև գրասենյակի ծրագրերը հայրենադարձության, սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման, երիտասարդության և սփյուռքի պարտատոմսերի թողարկման ուղղություններով: «Մեր ծրագրերը միտված են Հայաստան-սփյուռք գործնական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում սփյուռքի ներգրավվածության ընդլայնմանը և ներառականությանը, հավասարազոր և պետականակենտրոն ռազմավարության մշակմանը»,-նշել է Զարեհ Սինանյանը:
Կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը հայկական շահերի պաշտպանության, շվեյցարահայ համայնքի ակտիվացման, Հայաստանի մարզերի զարգացման, առողջապահության և գինեգործության ուղղությամբ:
«Տարեց տարի ընդլայնում ենք մեր ծրագրերը, կենտրոնանում միջնաժամկետ և երկարաժամկետ նախագծերի ուղղությամբ»,-նշել է Վահե Գաբրաշը:
Այնուհետ հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով: