Գրասենյակի գործունեությունը ներկայացվեց «Դեպի Ջերմուկ» միջմարզային հավաքին
18 Ապրիլի 2023
Անցած շաբաթավերջին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվիրակությունը մասնակցել է «Դեպի Ջերմուկ» միջմարզային հավաքին, որը կազմակերպվել էր Ջերմուկի երիտասարդական կենտրոնի և «Հզոր Միտք» ԵՀԿ-ի համագործակցությամբ: Հավաքին մասնակցում էին Հայաստանի մարզերի 14-25 տարեկան 300-ից ավելի երիտասարդներ:
Միջոցառման նպատակն էր ստեղծել ամուր կապեր և համագործակցություն, փոխանցել նոր գիտելիքներ և միասին մտածել նորարարական գաղափարների շուրջ:
Գրասենյակի աշխատակիցները մարզերի ակտիվ երիտասարդներին ներկայացրին սփյուռքի հետ տարվող աշխատանքները, երիտասարդական ծրագրերը, օգոստոսին Հայաստանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովը:
Հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց սփյուռքի ներկայիս իրավիճակի, հայրենադարձության և հայկական համայնքների երիտասարդների հետ կապերի ձևավորման շուրջ:
Հավաքին մասնակցում էին նաև ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցներից մի քանիսը: Նրանք պատմեցին Հայաստանում աշխատելու առավելությունների և մարտահրավերների, Հայաստանը՝ որպես ապրելու երկիր ընտրության մասին:
Հավաքի ընթացքում տեղի ունեցան նաև կապերի հաստատման միջոցառումներ և դրամաշնորհային մրցույթ: