Օգոստոսին Հայաստանում կանցկացվեն Համահայկական 8-րդ խաղերը
19 Ապրիլի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:
Հանդիպմանը գրասենյակի կողմից մասնակցել են սփյուռքի համայնքների հետ տարվող աշխատանքների պատասխանատուները, կոմիտեից՝ ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի, Ասիայի, Եվրոպայի, ԱՊՀ-ի և այլ երկրների աշխատանքները համակարգող մասնագետները։
Զարեհ Սինանյանը նշել է, որ Համահայկական խաղերը գրասենյակի համար օրակարգային են և ավելացրել, որ համայնքներ առաջիկա այցերի ընթացքում կհորդորի մեր հայրենակիցներին անպայման մասնակցություն ունենալ։
Իշխան Զաքարյանը ներկայացրել է այս պահին ստացված հայտերի նախնական վիճակագրությունը և սփյուռքի հետ տարվող աշխատանքների կազմակերպչական ընթացքը։ Առաջարկվել է, որ գրասենյակն ակտիվ ներգրավվածություն ունենա խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ համագործակցելով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ։
Հիշեցնենք, որ Համահայկական 8-րդ խաղերը այս տարի կանցկացվեն օգոտսոսի 5-19-ը՝ «Միասնություն սպորտով» կարգախոսով: Բացման արարողությունը տեղի կունենա Գյումրի քաղաքում, իսկ մրցումները կիրականացվեն Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում:
Մանրամասների համար՝ https://panarmeniangames.am/arm/