Հանդիպում Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
25 Ապրիլի 2023
Իսպանիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն ընթացել է Բարսելոնայի հայկական մշակութային միության «Հայ Տուն» կենտրոնում, որին մասնակցել են միության ատենապետ Դաթև Սուլեանը, Կատալոնիայի «Արարատ» հայկական միության ղեկավար, Իսպանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանը, «Հայք» պարային համույթի ղեկավար Հայկ Եղիազարյանը և այլք։
Նախքան հանդիպումը՝ Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել միության մեկօրյա հայկական դպրոցում, որն ունի շուրջ 80 սան։ Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել միության հայապահպան աշխատանքը՝ շեշտելով, որ քաջ գիտակցում է սփյուռքում հայկական դպրոց հիմնելու և պահպանելու դժվարությունները։
Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Դաթև Սուլեանը նշել է, որ հանդիպումը սպասված էր և ընդգծել, որ տեղում գործող միությունները միասնաբար աշխատում են հանուն համայնքի համախմբվածության, ինքնության և հայրենիքի հետ ամուր կապի պահպանման, հայկական կրթության տրամադրման։
Այնուհետ Զարեհ Սինանյանը մանրամասնորեն ներկայացրել է 2019 թվականից ի վեր գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները, ծրագրերը, հայրենադարձության գործընթացը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների իրավիճակը, սփյուռքի ներուժի ներգրավմանն ուղղված նախաձեռնությունները։ Գլխավոր հանձնակատարը հորդորել է համայնքի երիտասարդներին մասնակցել օգոստոսին Հայաստանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովին և Համահայկական 8-րդ խաղերին։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Հարցերը հիմնականում վերաբերել են սփյուռքի դպրոցներում դասագրքերի և ընդհանուր մեթոդաբանության խնդիրներին, հայրենադարձության ընթացքին, Հայաստանի և Արցախի մարտահրավերներին, սփյուռքում հայկական ինքնության պահպաման դժվարություններին։