ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
24 Ապրիլի 2023
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության մեկնարկի 108-րդ տարին: Հայությունը միասնաբար խնկարկում է 1 ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը՝ արթուն պահելով աշխարհի պատմության ամենաողբերգական հիշողություններից մեկը: Սակայն հայերի ցեղասպանությունը զուտ պատմական փաստ չէ, որը մնացել է հեռավոր անցյալի մշուշում: Այսօր բոլորս ականատես ենք, թե ինչպես է ցեղասպան Թուրքիայի կրտսեր եղբայրը նոր ցեղասպանությամբ սպառնում հայկական հողի վրա ապրող հայ ժողովրդին: Արցախը շարունակում է պաշարված մնալ, իսկ քաղաքակիրթ աշխարհը պահպանում է իր քար լռությունը: Պարտավոր ենք գիտակցել, որ այսօր, ինչպես 108 տարի առաջ, մենք կարող ենք ապավինել միայն մեր միասնական ուժին, միայն մեր ջանքերին և մեր հաստատակամությանը: Կլինենք միասնական և համախմբված՝ կհաղթահարենք բոլոր դժվարությունները և կկերտենք մեր երազած պայծառ ապագան: Հակառակ պարագայում, կզրկվենք մեր հայրենիքից մնացած վերջին մասնիկից և կշրջենք հայ ազգի պատմության վերջին էջը:
Ուրեմն, եկեք իրապես պատվենք մեր նահատակների հիշատակը՝ ապագային նայելով պատմական դասերի դիտակետից և մեր հայացքներն ուղղենք դեպի հայրենիք: Համախմբվենք մեր պետականության շուրջ՝ որպես անքննելի և անսակարկելի արժեք, որպես մեր հարատևման միակ երաշխիք և որպես մեր երազների իրականացման միակ գրավական: Ներդնենք մեր ջանքերը, գիտելիքը, միտքը, մեր համահայկական ներուժը պետության կայացման, հզորացման և զարգացման գործում: