Հանդիպում Ալիկանտեի հայ համայնքի հետ
28 Ապրիլի 2023
Իսպանիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ալիկանտեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ներկայացնելով տեղի հայ համայնքի գործունեությունը՝ Ալիկանտեի «Հայաստան» ասոցիացիայի նախագահ Հասմիկ Քոչարյանը նշել է, որ սկսել են գործունեություն ծավալել դեռևս 2007 թվականից։ «Հենց նույն թվականին էլ բացվել է մեր առաջին հայկական դպրոցը, ապա տեղադրվել է խաչքար։ 2018 թվականին բացվել է նոր դպրոց, որտեղ արդեն ունենք 85 հայ աշակերտ։ Ունենք նաև պարի խումբ»,-նշել է Հասմիկ Քոչարյանը։ Նա նաև ընդգծել է, որ սերտ համագործակցում են տեղի քաղաքապետարանի հետ։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել համայնքին միասնականության համար և նշել, որ համայնքային բոլոր մեծ և փոքր հաջողություններն արդյունքն են ներդրված ջանքերի և աշխատանքի։ Զարեհ Սինանյանը ներկայացրել է նաև գրասենյակի գործունեությունը, ծրագրերը և նախաձեռնությունները, որոնք մեծ հետաքրքրություն և պահանջարկ ունեն համայնքում։
Ներկաները հարցեր են ուղղել Հայաստանի անվտանգային համակարգի, զինվորական ծառայության, ներդրումների, բարեգործության, կրթական ծրագրերի և դասագրքերի, Հայաստան-Իսպանիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։