Գլխավոր հանձնակատարն ընդունել է Relq/ԽԵԼՔ տեխնոլոգիական դպրոցի ներկայացուցիչներին
04 Մայիսի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է հայ-ֆրանսիական Relq/ԽԵԼՔ տեխնոլոգիական դպրոցի ներկայացուցիչներին: Այն հմտությունների անվճար և հավաստագրված ուսուցման ծրագիր է, որը Հայաստանում հասանելի է և՛ առկա, և՛ առցանց ուսուցմամբ:
Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը նշեց, որ դպրոցը նպատակ ունի նոր տեխնոլոգիական հնարավորություններ ընձեռել Հայաստանի բնակիչներին և հզորացնել ոլորտը: «Ուրախ ենք, որ սփյուռքահայերի նախաձեռնությամբ ստեղծված դպրոցը նպաստում է նաև Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի բարելավմանը, Հայաստանի մարզերի զարգացմանը և շրջանավարտների համար բացում աշխատանքային նոր հորիզոններ»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դպրոցի ԱՄՆ տարածաշրջանի մասով ղեկավար Վիկտորիա Պողոսյանը (Country Manager, USA) նշել է, որ տարաբնույթ դասընթացների մասնակիցների կեսից ավելին Հայաստանի մարզերից և Արցախից են: «Ուրախ եմ նշել նաև, որ մեր շահառուների 47%-ը կանայք են: Մենք սերտ համագործակցում ենք ֆրանսիական կառավարության հետ, համագործակցության հուշագիր ունենք ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության հետ: Նպատակ ունենք ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և այդ հարցում ակնկալում ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությունը»,-շեշտել է Վիկտորիա Պողոսյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գրասենյակի միջնորդությամբ այլ շահագրգիռ նախարարությունների հետ կապեր հաստատել և շարունակել համագործակցությունը գրասենյակի հետ: