Շարունակվում է Գլխավոր հանձնակատարի այցը Գերմանիա
10 Մայիսի 2023
Գերմանիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Բավարիայի հայ հայրենակցական միության ներքո գործող Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի ուսուցչական կազմի հետ։
Հանդիպման ընթացքում ուսուցիչների կողմից բարձրացվել են սփյուռքի մեկօրյա դպրոցների համար դասագրքերի տրամադրմանը և առաքմանը, միջին և բարձր դասարանների և նախադպրոցական տարիքի երեխաների համար մի շարք ուսումնական և ուսումնաօժանդակ նոր և արդի նյութերի տպագրմանը, ուսուցիչների վերապատրաստման առկա և առցանց ձևաչափերին վերաբերող հարցեր և խնդիրներ։
Գլխավոր հանձնակատարը նշել է, որ Հայաստան վերադառնալուն պես հարցերի լուծման նպատակով քննարկում կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ:
Զարեհ Սինանյանը մասնակցել է նաև Մյունխենի հայ տիկնանց ասոցիացիայի կողմից կազմակերպված երեկոյին՝ Մյունխենում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիսթին Զասսեի, Բավարիայի հայ հայրենակցական միության ատենապետ Անի Թելեանի և միության անդամների հետ միասին: Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց պատվավոր հյուպատոսի հետ:
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները և ծրագրերը: Նա ընդգծել է Մյունխենում և Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի կարևոր դերը հայ-գերմանական սոցիալ-տնտեսական, մշակութային հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել այցի կազմակերպմանն աջակցելու համար: