Զարեհ Սինանյանը հանդիպել է Մյունխենի հայկական կազմակերպությունների հետ

10 Մայիսի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Մյունխենի հայ համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ներկաներին առավել մանրամասն ծանոթացրել սփյուռքի ներուժը Հայաստանում ինտեգրելու և հայրենադարձության ոլորտում գրասենյակի կողմից իրականացվող աջակցության հնարավորություններին։

Անդրադարձ է կատարվել նաև արդի պայմաններում սփյուռքի համայնքներում հայապահպանությանն առնչվող հարցերին։ «Այժմ մշակվում է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարության նախագիծը, որը կարևոր քայլ է հարաբերությունների զարգացման միասնական օրակարգ ձևավորելու համար»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը:

Նա նաև կարևորել է այս տարի անցկացվելիք Ազգային երիտասարդական և Հայ իրավաբանների համաժողովները և կոչ արել համայնքին ակտիվ մասնակցություն ունենալ դրանց:

Ծավալուն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ներդրումային քաղաքականությանը և սփյուռքի պարտատոմսերի թողարկման հնարավորություններին։

Հանդիպման վերջում համայնքի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Հայաստանին և Արցախին բոլոր հնարավոր միջոցներով և շնորհակալություն հայտնել Գլխավոր հանձնակատարին այցի և արդյունավետ քննարկման համար:

Հանդիպման ավարտին Զարեհ Սինանյանը Մյունխենի հայ համայնքի մի քանի կառույցների և անհատների հանձնել է շնորհակալագրեր:

 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office