Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Քյոլնում
11 Մայիսի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Քյոլնում այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի առաջնորդարան և հանդիպել Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանի, Քյոլնի և շրջակայքի ծխական քահանա Տեր Վահրիճ Բաղդասարյանի և թեմական խորհրդի անդամների հետ։
Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել համայնքում առկա խնդիրների, գրասենյակի ծրագրերի և համագործակցության ակտիվացման վերաբերյալ:
Թեմակալ առաջնորդը ներկայացրել է թեմի գործունեությունը:
Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը շրջայց է ունեցել Քյոլնի Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում:
Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Քյոլնի և մոտակա բնակավայրերի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, մանրամասն ներկայացրել գրասենյակի գործունեությունը: Գլխավոր հանձնակատարը նշել է, որ գերմանահայ համայնքը ոչ միայն ակտիվ է տեղում և ներգրավվածություն ունի Գերմանիայի հասարարական կյանքի տարբեր ոլորտներում, այլև ակտիվորեն մասնակցում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի բոլոր ծրագրերին և նախաձեռնություններին:
«Բարձր եմ գնահատում համայնքի ներկայացուցիչների ներդրած ջանքերը և աշխատանքը հայապահպանության, հայրենիքի հետ ամուր կապի, ակտիվ ներգրավվածության ուղղությամբ»,-նշել է Գլխավոր հանձնակատարը և համայնքի մի շարք կառույցների և անհատների հանձնել շնորհակալագրեր: