Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Համբուրգում
15 Մայիսի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Համբուրգի հայ համայնք 1965» կազմակերպության սրահում հանդիպել է Համբուրգում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների և հայազգի մի շարք անհատների հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Համբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթը։
Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ «Համբուրգի հայ համայնք 1965» միության ատենապետ Արսեն Համբարձումյանը նշել է, որ հանդիպումը սպասված էր և ընդգծել, որ տեղում գործող միություններն ակտիվ աշխատում են հանուն համայնքի համախմբվածության, հայ ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ։
Գլխավոր հանձնակատարը մանրամասնորեն ներկայացրել է 2019 թվականից ի վեր գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները, ծրագրերը, հայրենադարձության գործընթացը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկայիս իրավիճակը, սփյուռքի ներուժի ներգրավմանն ուղղված նախաձեռնությունները։ Գլխավոր հանձնակատարը հորդորել է համայնքի երիտասարդներին մասնակցել օգոստոսին Հայաստանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովին և Համահայկական 8-րդ խաղերին։ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Հարցերը հիմնականում վերաբերել են սփյուռքի դպրոցներին դասագրքերի տրամադրմանը, ուսուցիչների վերապատրաստմանը և ընդհանուր մեթոդաբանության խնդիրներին, հայրենադարձությանը, Հայաստանի և Արցախի մարտահրավերներին, զինվորական ծառայությանը, սփյուռքում հայկական ինքնության պահպանման դժվարություններին։
Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը Համբուրգի հայ համայնքի մի շարք կառույցների և անհատների հանձնել է շնորհակալագրեր: