Երևանում բացվեց հայ-լեհական դարավոր բարեկամությունը խորհրդանշող խաչքար
17 Մայիսի 2023
Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի Խաչքարերի պուրակում կայացավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, հոգևոր հայրեր, պետական պաշտոնյաներ:
Խաչքարի բացումն ի նշանավորումն է Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ լեհ ժողովրդի մեծ զավակ Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս Բ Պապի Հայաստան պատմական այցի 20-ամյակի:
«Հայ-լեհական հարաբերությունները հարուստ պատմություն ունեն: Ավելի քան վեց դար հայերն ապրել են Լեհաստանում և շնորհիվ լեհ ժողովրդի և լեհական պետության բարի վերաբերմունքի՝ հայերը կարողացել են ստեղծագործել և ստեղծել մշակութային ժառանգություն և, միաժամանակ, նպաստել տարբեր ոլորտներում Լեհաստանի պետական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի զարգացմանը, որը պատշաճ կերպով գնահատվել է լեհ բարեկամ ժողովրդի և իշխանությունների կողմից: Հայաստանում նույնպես կա ձևավորված լեհական համայնք, որը թեև սակավաթիվ է, սակայն ակտիվ դեր ունի մեր պետության հասարակական կյանքում և յուրահատուկ կամուրջ է նաև մեր երկու բարեկամ ժողովուրդների ու երկրների միջև: Այսօր նույնպես բոլոր նախադրյալները կան այս բարեկամությունն էլ ավելի զարգացնելու և ընդլայնելու համար»,-նշել է Գլխավոր հանձնակատարը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանին, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանին՝ խաչքարի տեղադրմանն առնչվող բոլոր աշխատանքները սահուն իրականացնելու համար:
Պետքարտուղար Յան Ջիեջիչակը նշել է, որ իր համար մեծ պատիվ և մեծ ուրախություն է գտնվել մի վայրում, որտեղ ծաղկել է քրիստոնությունը: «Մի վայր, որտեղ ավելի քան 20 տարի առաջ քրիտոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ ուխտագնացություն կատարեց Հովհաննես Պողոս 2-րդը և միացավ հայերին իր աղոթքներով, որոնք ուղղված էին ցեղասպանության ժամանակ սպանված քրիստոնյաներին: Խաչքարը, որն այսօր բացվեց, խորհրդանշում է կապը լեհերի և հայերի հավատքի միջև: Սա Հայաստանում առաջին լեհական խաչքարն է»,-նշել է լեհ պաշտոնյան: Նա նաև ընդգծել է, որ Լեհաստանի հայ համայնքն օրինականորեն ճանաչված ինը ազգային փոքրամասնություններից մեկն է, թեև ոչ այնքան մեծ թվով, սակայն մեծ հոգով և ավանդույթներով: «Մենք միշտ կաջակցենք այն ազգերին, ովքեր ազատության, ինքնորոշման և ժողովրդավարության կառուցման համար պայքար են մղում»,-ավարտել է իր խոսքը պետքարտուղարը:
Խաչքարի օծման արարողությունից հետո խոսքով է հանդես եկել նաև հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը:
Արարողությանը հաջորդել է հատուկ ընդունելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, որի ընթացքում ներկայացվել են Կոմիտասի և լեհ հայտնի կոմպոզիտորների գլուխգործոցները: