Մասնակցություն Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցառմանը
18 Մայիսի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) «Բազմակողմանի խորհրդատվություն ապագա համաշխարհային սփյուռքի քաղաքականության զուգորդման վերաբերյալ» հիբրիդային հանդիպմանը, որը մեկնարկել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
2022 թվականին ՄՄԿ-ն անցկացրել է Համաշխարհային սփյուռքի առաջին գագաթնաժողովը՝ որպես արդյունք ստեղծելով Դուբլինի հռչակագիրը: Այն գործողությունների ծրագիր է համաշխարհային սփյուռքի համար՝ ինստիտուցիոնալացնելու տարբեր սփյուռքների քաղաքականությունների,
ծրագրերի և գործընկերությունների համադրումը և համագործակցությունը:
Այս խորհրդատվական հավաքի նպատակն էր վերահաստատել ապագա համաշխարհային սփյուռքի քաղաքականության զուգորդման վերաբերյալ Դուբլինում ստանձնած հանձնառությունը և քննարկել ճանապարհային քարտեզը:
Հավաքի ժամանակ հնչեցին մի շարք առաջարկություններ ձևաչափերի, իրագործման ընթացի և գործարկման մասին:
Մեր գրասենյակը Միգրացիայի միջազգային կազմակերպության հրավերով և Հայաստանում ՄՄԿ-ի ներկայացուցչության հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն մասնակցել է նաև անցյալ տարի ընթացած Համաշխարհային սփյուռքի առաջին գագաթնաժողովին, դրան հաջորդող խորհրդատվություններին և հավաքներին:
Ուրախ ենք նաև, որ կազմակերպությունը մեր գրասենյակի «իԳործ» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին աշխատել ՀՀ պետական կառավարման համակարգում, ներառել է իր լավագույն փորձերի շտեմարանում: