Մեկնարկել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը
07 Հուլիսի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը մասնակցել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի բացման արարողությանը, որն ընթանում է «Միասին մենք կարող ենք անել ավելին» կարգախոսի ներքո:
Հայաստանի բժշկական համաժողովը համահայկական նշանակության իրադարձություն է և անցկացվում է 2003 թվականից: Այն նպատակն ունի զարգացնել և ամրապնդել աշխարհի հայ բժիշկների համագործակցությունը, քննարկել Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի առջև ծառացած հիմնախնդիրներն ու գերակայությունները, իրականացնել փորձի փոխանակում, կիսվել գիտական նվաճումներով և ոլորտում արձանագրված բարեփոխումներով:
Համագումարի մեկնարկին մասնակիցներին ողջունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից բժիշկներ, բուժքույրեր և առողջապահության ոլորտի այլ մասնագետներ:
Համագումարում ներկայացված կլինեն աշխարհռչակ գիտնականների դասախոսություններ, կկազմակերպվեն գիտական նիստեր, թեմատիկ սիմպոզիումներ և սեմինարներ: Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում կներկայացվեն տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են առողջապահական և բժշկական կրթության զարգացմանը: