Ավարտվել է Ազգային երիտասարդական համաժողովի 2-րդ օրը

02 Օգոստոսի 2023

Երևանում շարունակում է ընթանալ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են 600-ից ավելի երիտասարդներ 50-ից ավելի երկրներից:

Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը:

Որպես օրվա գլխավոր բանախոս՝ «Ստեղծիր իրականությունը. Հայաստանը՝ որպես նորարարության հանգույց» թեմայով հանդես է եկել Picsart-ի ուսուցման և զարգացման բաժնի ղեկավար Մադլեն Մինասյանը:

«Անկեղծ խոսակցություն. սահմանելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների առաջնահերթությունները և երիտասարդության դերը կապերի ամրապնդման գործում» խորագրով պանելային քննարկանը մասնակցել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Միչիգանի համալսարանի Դիրբորն հայկական հետազոտական ​​կենտրոնի գիտաշխատող Վահե Սահակյանը, Բրյուսելի Բաց համալսարանի գիտաշխատող Նիքոլաս Թավիթյանը, Շիլլերի միջազգային համալսարանի պրոֆեսոր և վերլուծաբան Տիգրան Եկաւեանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժին ավագ գիտաշխատող Սյուզաննա Բարսեղյանը: Նիստը վարել է Նիդերլանդների Consultancy HK ընկերության ղեկավար Հայկ Խանամիրյանը:

Ազգային անվտանգությանը վերաբերող նիստում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քննարկումը ղեկավարել է «Հայաստանի խաղաղության նախաձեռնության» տնօրեն, ֆրանսահայ Թալին Փափազյանը:

Օրվա երկրորդ կեսին համաժողովի մասնակիցները շարունակել են աշխատանքները աշխատաժողովների, քննարկումների և լուծումների սենյակի ձևաչափով, որոնք վերաբերել են արդյունավետ երիտասարդական կազմակերպության ստեղծմանը և զարգացմանը, սփյուռքի կազմակերպությունների միջև գործակցության սերտացմանը և դաշնակից երկրների սփյուռքների հետ համագործակցության խթանմանը, հանրային կապերին, մեդիային և հայկական բրենդի առաջխաղացմանը: Ձևաչափերը վարել են Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մարի Մանուկյանը,  «Miaseen Inc.» հարթակի հիմնադիր Անթոնի Տիքրան Ապաջին, Չիտայի «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Հարություն Աթոյանը, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Շվեդիայից, Բելառուսից, Արգենտինայից, Ֆրանսիայից հրավիրված այլ փորձագետներ:

«Բացահայտելով հայրենիքի հնարավորությունները՝ կամավորություն, աշխատանք և բիզնես» պանելային քննարկմանը որպես բանախոսներ մասնակցել են Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, Կարիտաս Արեգակ հիմնադրամի զարգացման պատասխանատու Սարա Սթայթսը, PA Consulting-ի հիմնադիր Պատրիք Էլիոթը, Tokyooo ռեստորանի հիմնադիր Հիրոկի Տաչիիրին, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում ծրագրերի համակարգող

Արմեն Բեգիջանին: Նիստը վարել է Sensyan Club-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, Armenia Tree Project-ի նախկին տնօրեն, ReAnimania փառատոնի և RepatArmenia-ի համահիմնադիր Լուսինե Քասարջյանը:

Այնուհետ համաժողովի մասնակիցները մասնակցել են ռեսուրսների և հնարավորությունների ցուցահանդեսի, որտեղ ծանոթացել են Հայաստանում հնարավորություններ ստեղծող և փնտրող մի շարք կազմակերպությունների ծրագրերին:

Ցուցահանդեսին ներկայացված են եղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, Ներդրումների աջակցման կենտրոնը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, «Repat Armenia»-ն, «Move2Armenia»-ն, «Դեպի Հայք»-ը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, Հայաստանի ամերիկյան և Հայ-ռուսական համալսարանները, Ֆասթ Բանկը, Staff.am-ը, «Շտապիր դեպի բարին» և «Վիվա» հիմնադրամները, «Tumanyan Online» և «МАМ» կրթական հարթակները, «ՈՄԱ»-ն, «Մատենա» միջազգային դպրոցը, «Հայ առաջադեմ երիտասարդություն», «Հզոր միտք» և «Հաբ Արցախ» ՀԿ-ները, «ռեԱրմենիա» հարթակը:

Օրվա ավարտին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Էթնոմշակութային երկխոսություն» խորագրով համերգային ծրագիրը:

Ազգային երիտասարդական առաջին համաժողովի գլխավոր գործընկերը Ֆասթ Բանկն է։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է։

Ֆասթ Բանկը կարևորում է սփյուռքի հայ երիտասարդության՝ Հայաստանի զարգացման գործընթացին մասնակցությունը, խրախուսում միմյանց հետ կապեր հաստատելու, ինչպես նաև իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում էլ ավելի ընդլայնելու այս բացառիկ հնարավորությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office