Ավարտվել է Ազգային երիտասարդական համաժողովը
03 Օգոստոսի 2023
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող Ազգային երիտասարդական համաժողովն ամփոփել է աշխատանքները: Եռօրյա համաժողովին մասնակցել են 50-ից ավելի երկրներից ժամանած 600 սփյուռքահայ երիտասարդներ և 15-ից ավելի երկրներից հրավիրված 100 բանախոսներ:
Համաժողովի 3-րդ օրվա գլխավոր թեման էր հայրենադարձությունը: «Մտածելակերպի փոփոխություն. Հայաստանը՝ որպես մշտական տուն» խորագրով քննարկման ընթացքում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ծրագրերի ղեկավար Մարգարիտա Բաղդասարյանը, Repat Armenia հիմնադրամի նախագահ և համահիմնադիր Վարդան Մարաշլյանը, «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն
Արուսիկ Զեյնալյանը, «oqni» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Բագրադյանսը, ավստրալահայ հայրենադարձ ճարտարապետ Շահե Սիմոնյանը քննարկել են հայրենադարձության գործընթացին, դժվարություններին և առավելություններին առնչվող հարցեր և ներկայացրել հայրենադարձության անձնական պատմությունները:
Նիստի ավարտից հետո Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընթերցել է համաժողովի ամփոփիչ հայտարարությունը:
Այնուհետ համաժողովի մասնակիցների համար Ազատության հրապարակում բացվել է «Ստեղծված է երիտասարդների կողմից» էքսպոն, որի շրջանակներում հայկական տասնյակ բրենդներ ներկայացրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները:
Համաժողովն ամփոփվել է համայնքային տարածաշրջանային կապերի ստեղծման և մշակութային միջոցառումներով:
Համաժողովի ավարտից հետո ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, հիմք ընդունելով եռօրյա քննարկումների արդյունքները, կշարունակի մասնակիցների հետ ֆոկուս խմբերով աշխատանքները Հայաստան-սփյուռք երիտասարդական համագործակցության քարտեզի և հետագա քայլերի հստակեցման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ համաժողովի գլխավոր գործընկերն էր Ֆասթ բանկը: