Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 5-րդ փուլը
15 Օգոստոսի 2023
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի 5-րդ փուլն ավարտվել է, որին մասնակցել է 13-18 տարեկան 101 պատանի 10 երկրից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Բելառուսից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից:
Ծրագրի մասնակիցները երկու շաբաթների ընթացքում ճամփորդել են հայրենիքում, այցելել մշակութային և կրթական հաստատություններ, ունեցել հայոց լեզվի, պատմության, հայկական երգ ու պարի դասընթացներ: Ճամբարային օրերը մասնակիցներն անցկացրել են ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում:
Փակման արարողության ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ ծրագիրը նպատակ ունի սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում պահպանել և զարգացնել ազգային ինքնության, խորացնել կապը հայրենիքի հետ: «Լիահույս եմ, որ դեռ բազմաթիվ անգամներ եք վերադառնալու հայրենիք, գուցե և մշտական բնակության նպատակով: Գիտեմ նաև, որ շատ ընկերներ եք ձեռք բերել և խրախուսում եմ ձեզ պահպանել այդ ընկերությունը ծրագրի ավարտից հետո»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ծրագրի կրթական մասի պատասխանատու «Բիգ մայնդ» ուսումնական կենտրոնին, Բյուրականի ուսումնաարտադրական բազային և Երևանի պետական համալսարանին, «Կոնցեպտ իվենթս» ընկերությանը, ՀՀ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ներքին գործերի, պաշտպանության նախարարություններին, Արագածոտնի մարզպետարանին, Աշտարակի բժշկական կետնրոնին ծրագրի ընթացքում ունեցած արդյունավետ համագործակցության համար: