Գլխավոր հաձնակատարը հանդիպել է Հունաստանի փոխարտգործնախարարի հետ
24 Օգոստոսի 2023
Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի և Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ համագործակցության շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գիորգիոս Կոցիրասի հետ։
Շնորհավորելով պաշտոնի ստանձնման առթիվ՝ Գլխավոր հանձնակատարը եռակողմ համագործակցության արդյունավետ շարունակականության և սերտացման հույս է հայտնել։
«Սփյուռքի հարցերով այս եռակողմ համագործակցության շրջանակներում մենք բավականին աշխատանք ենք տարել, սակայն առկա է ընդլայնման և խորացման հսկայական տարածք։ Մեր համայնքներն իրապես կարող ենք շատ հարցերում միասնաբար աշխատել, և մենք պետք է նպաստենք այդ կամուրջների ստեղծմանը»,-նշել է Զարեհ Սինանյանը։
«Այս համագործակցությունը նախևառաջ կարևոր է հանրային դիվանագիտության և փափուկ ուժի տեսանկյունից։ Մենք իրապես մեծ ներուժ ունենք։ Իհարկե, այն կնպաստի նաև մեր եղբայրական երկրների միջև առկա հարաբերություններին»,-ընդգծել է Հունաստանի փոխարտգործնախարարը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքն արդեն իսկ առկա համագործակցության ուղղությամբ և զարգացնել համատեղ նախաձեռնությունները։