ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ 45 ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

31 Օգոստոսի 2023

Տեղի է ունեցել Հայաստանի կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022-2023 ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ծրագրի 2-րդ շրջափուլի մասնակից Սիսիան Պօղոսեանը, այլ պաշտոնատար անձինք:

 «Ծրագիրը նպատակ ունի խթանել մասնագիտական հայրենադարձությունն ու բացել ՀՀ կառավարման համակարգի դռները սփյուռքահայ մասնագետների, նոր և թարմ ուժերի համար: Ուրախ եմ, որ անցած տարի ծրագրին մասնակցելու համար դիմել էր 300 մասնագետ, որոնցից ընտրվեցին լավագույն 50-ը: Նրանք մեկ տարի աշխատեցին 23 գերատեսչություններում և ծրագրեր են մշակել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ կրթության, թվային փոխակերպումների, ֆինանսական կրթության ներդրման, առաջնային բուժօգնության ծրագրերի կիրառման, ներդրումային քաղաքականության և այլ ոլորտներում»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Ծրագրի շրջանավարտները ներկայացրել են իրենց մեկ տարվա փորձառությունը:

Այնուհետ շրջանավարտները ստացել են ծրագրին բարեհաջող մասնակցության հավաստագրերը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office