ՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
14 Սեպտեմբերի 2023
Հոկտեմբերի 27-29-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայ իրավաբանների համագումար»-ը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանն ու քննարկել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, ինչպես նաև սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման և փոխգործակցության օրակարգի ձևավորման հնարավորությունները: Նախաձեռնության կազմակերպիչ՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Համագումարի պանելային նիստերին և աշխատաժողովներին կմասնակցեն ավելի քանի 200 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրներից։ Համագումարի շրջանակնում սփյուռքահայ գործընկերներին կմիանան հայաստանյան մասնագետները։
Հինգ պանելային նիստերին և չորս աշխատաժողովներին որպես նիստավարներ և բանախոսներ հանդես կգան հանրային մեծ ազդեցություն և մասնագիտական փորձ ունեցող սփյուռքահայ իրավաբաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Արգենտինայից, ՌԴ-ից և այլ երկրներից։ Նիստերի և աշխատաժողովների շրջանակներում հանդես կգան ՀՀ պետական գործիչները, ԱԺ պատգամավորները, դատական իշխանության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները։
Համագումարի հիմնական թեմաներն են՝ «Սփյուռքի իրավաբանական համայնքի դերը Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում», «ԼՂ հիմնախնդիրը և հետպատերազմյան իրավական գործընթացները», «Աշխարհասփյուռ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը», «Հայկական ազգային շահերի պաշտպանության և դրանց աջակցելու իրավական հիմնախնդիրները», «Հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները» և այլն։