Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2023-2024թթ․ ծրագիրը
27 Սեպտեմբերի 2023
Հայաստան են ժամանել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները։
Այս պատասխանատու ժամանակահատվածում՝ սփյուռքահայ երիտասարդները, 2 շաբաթ գտնվելով Հայաստանում և ուսումնասիրելով հայրենիքի կարիքներն ու հնարավորությունները, կվերադառնան համայնքներ՝ շարունակելու իրենց առաքելությունն, այդ թվում` ներկայացնելով աշխարհին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
Ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը:
Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, որին մասնակցում են 22-35 տարեկան սփյուռքահայ 18 երիտասարդներ։ Նրանք Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Ռուսաստանից և հանդիսանում են համայնքի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, համայնքային, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդի անդամներ:
Ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է վերջին օրերին ծավալված իրադարձություններին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կարևորելով սփյուռքահայ երիտասարդների դերը հավաստի տեղեկատվության տարածման գործում ինչպես հայկական սփյուռքի համայնքներում, այնպես էլ օտարերկրյա պետությունների հասարակական լայն շրջանակներում։ Զարեհ Սինանյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև երիտասարդներին, ովքեր այս դժվարին իրավիճակում եկել են Հայաստան՝ հայրենիքի կողքին կանգնելու և հանրօգուտ աշխատանք կատարելու ձգտումով։ Գլխավոր հանձնակատարը խոսել է նաև գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնց նպատակն է ամրապնդել Հայաստան-սփյուռք կապերը, ակտիվացնել սփյուռքյան համայնքների գործունեությունը, ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանն ավելի լավ ճանաչելու հնարավորություն, բացահայտել սփյուռքի ներուժը և ներդրումը Հայաստանի զարգացման գործում։ ««Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը միտված է մոտեցնել սփյուռքը սփյուռքին, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և սփյուռքի երիտասարդներին միմյանց ճանաչելու հնարավորություն ընձեռել, ձևավորել սփյուռքահայ ակտիվ երիտասարդների ցանց՝ ի դեմս մեր դեսպանների, և ունենալ գրասենյակի երիտասարդ գործընկերներ համայնքներում»,- ընդգծել է Զարեհ Սինանյանը։
Ներկայացնելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի բովանդակային հիմնական ուղղությունները՝ ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը խոսել է ծրագրի հայաստանյան փուլի մասին։ «Հայաստանյան դասընթացն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հաստատություններ և հիշատակի վայրեր: Հետագայում իրենց համայնքներում մասնակիցները կիրականացնեն տեղեկատվական և համայնքային հանդիպումներ, միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, աշխատանք մեդիայի հետ»,- մանրամասնել է Գրետա Մնացականյանը:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ: