Սփյուռքի երիտասարդ դեսպանները մասնակցել են մի շարք դասընթացների եւ հանդիպումների
02 Հոկրեմբերի 2023
Այս շաբաթ մեկնարկել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայաստանյան փուլի երկշաբաթյա հագեցած դասընթացը:
Դասընթացների շրջանակում քաղաքական խորհրդատու, «ՍիվիլՆեթ»-ի մեկնաբան Էրիկ Հակոբյանը համայնքային երիտասարդ առաջնորդների հետ դասախոսություն-քննարկում է ունեցել «Հայաստանի ներկա քաղաքական գործընթացների շուրջ» թեմայով: Փոփոխվող աշխարհում առաջնորդության ընկալումների շուրջ սփյուռքի երիտասարդ դեսպանների հետ աշխատաժողով է անցկացրել Երիտասարդ առաջնորդների դպրոցի հիմնադիր-տնօրեն (2006-2016), Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի հայաստանյան ծրագրերի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանը:
Սփյուռքահայերի համար հայոց լեզվի առցանց ուսուցման հնարավորությունները մասնակիցները բացահայտել են «M.A.M» կրթական շարժման գրասենյակ այցելության և շարժման հիմնադիրներ Մարինա և Մելինե Ղազարյանների հետ հանդիպման ընթացքում:
«Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները ծրագրի մասնակիցներին ներկայացրել են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, դրանցում սփյուռքահայերի ներգրավման հնարավորությունները:
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Strategy and Business Communication»-ի պրոֆեսոր, բիզնես թրեյներ և խորհրդատու Սերգեյ Թանթուշյանը երիտասարդների հետ գործնական հանդիպում է անցկացրել «Համոզիչ hաղորդակցություն. ինչպե՞ս համոզել մյուսներին՝ ճանաչելով ինքդ քեզ» թեմայով:
Դասընթացներից զատ, երիտասարդ դեսպաններն այցելել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն, որտեղ գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը ներկայացրել է հայրենադարձության միտումները, ընթացակարգերը, վիճակագրությունը և նորաբաց կենտրոնի աշխատանքային ուղղությունները: Ծրագրի մասնակիցներն այցելել են նաև «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ (՛՛Repat Armenia՛՛), որտեղ նրանց հյուրընկալել են հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանն ու իր թիմը՝ ներկայացնելով կառույցի գործունեությունը: Տեղի է ունեցել նաև հանդիպում-զրույց հայրենադարձների հետ: