Գլխավոր հանձնակատարն այցելել է «Armenian Food Bank» հիմնադրամի գրասենյակ
02 Հոկրեմբերի 2023
ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Երևան ժամանած «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 18 մասնակիցների հետ միասին այցելել է «Armenian Food Bank» (Հայկական պարենի բանկը) բարեգործական հիմնադրամի գրասենյակ, որտեղ այս օրերին բազմաթիվ հայրենադարձներ տարատեսակ օգնություն են հավաքագրում՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների։
Այս օրերին տարվող աշխատանքների մասին Զարեհ Սինանյանին և սփյուռքահայ երիտասարդներին պատմել է «Armenian Food Bank»-ի հիմնադիր Մայքլ Ավետիքյանը, ով տարիներ առաջ Կանադայից հայրենադարձվել է Հայաստան։
Զարեհ Սինանյանը մեծապես կարևորել է սփյուռքի կազմակերպությունների, անհատների և հայրենադարձների ներդրումն ու աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։
Գլխավոր հանձնակատարն իր երախտագիտություն է հայտնել սփյուռքի բոլոր կառույցներին և հայրենադարձ քաղաքացիներին, ովքեր համախմբվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։
«Armenian Food Bank»-ը իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում՝ նպատակ ունենալով աջակցել կարիքավոր մարդկանց և ընտանիքներին՝ հավաքագրելով սնունդ, հագուստ և տարատեսակ պարագաներ։