Գլխավոր հանձնակատարը հանդիպել է AIWA-ի ներկայացուցիչների հետ
03 Հոկրեմբերի 2023
ՀՀ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (Armenian International Women’s Association/AIWA) նախագահ Սիլվա Խաչիկեանի, վարչության անդամ Ցոլին Սարեանի և կազմակերպության ներկայացուցիչներ Անի Այվազեանի և Անի Պարսումի հետ։
Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է AIWA-ի գործունեությունը կանանց իրավունքների պաշտպանության, կրթության, գիտության և հասարակական ոլորտներում կանանց ներգրավածության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։
Գլխավոր հանձնակատարն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության խնդիրներին, խոսել կառավարության կողմից իրականացվող համալիր միջոցառումների մասին՝ ուղղված հայրենակիցների տարատեսակ կարիքների հոգալուն։ Զարեհ Սինայանն ընդգծել է նաև սփյուռքի մի շարք հասարակական կառույցների կարևոր ներդրումը ստեղծված հումանիտար իրավիճակի հաղթահարման ուղղությամբ։
Հյուրերը Գլխավոր հանձնակատարի հետ զրույցում ներկայացրել են AIWA-ի ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև հայտնել առաջիկա ամիսներին Հայաստանում կազմակերպության մասնաճյուղի ստեղծման մտադրության մասին՝ առավել խորացնելով համագործակցությունը տեղի հասարակական կառույցների, կառավարության և սփյուռքի հետ և մասնակցելով ստեղծված հումանիտար իրավիճակի հաղթահարման աշխատանքներին։
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր՝ գրասենյակի և AIWA-ի միջև համագործակցության հետագա խորացման ուղղությամբ։