Ամփոփվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2023-24թթ․ ծրագրի առաջին փուլը
09 Հոկրեմբերի 2023
Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2023-24 թթ․ ծրագրի առաջին՝ հայաստանյան փուլի փակման միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ծրագրի գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը (ԱՄՆ), հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը և առողջապահական ծրագրերի համակարգող Զառա Ջանիբեկյանը, ծրագրի «ՕԼ հոթելս» լոգիստիկ ընկերության ղեկավար Վլադիմիր Գևորգյանը, ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչներն ու մասնակիցները:
Ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանն ամփոփեց անցած երկու շաբաթների ընթացքում անցկացված աշխատաժողովներն ու հանդիպումները և ներկայացրեց մինչև 2024 թ. օգոստոսը մասնակիցների կողմից իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները: Նա նաև շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցներին և անհատներին՝ երրորդ տարին անընդմեջ իրականացվող ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար։
Գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանն իր խոսքում կարևորեց երիտասարդների վճռականությունը՝ այս դժվարին ժամանակահատվածում գալ Հայաստան և տեղում ծանոթանալ իրավիճակին՝ հետագայում այն սփյուռքին և միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով։ Հաջողություն մաղթելով երիտասարդ դեսպաններին՝ գրասենյակի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ երիտասարդների հետագա աշխատանքը կնպաստի Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդմանն ու միջհամայնքային կապերի ուժեղացմանը:
8 երկրներից ժամանած 18 մասնակիցներն իրենց շնորհակալական խոսքերը հղեցին ծրագիրն իրականացնող թիմին՝ բովանդակային և հագեցած օրակարգ ունենալու համար, ինչպես նաև կիսվեցին հանդիպումներից և աշխատաժողովներից ստացված իրենց տպավորություններով՝ կարևորելով ձեռքբերված փորձն ու գիտելիքները հետագա գործունեության արդյունավետ կազմակերպման համար։
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեկամյա է: Հայաստանում երկշաբթյա վերապատրաստումից հետո մասնակիցներից յուրաքանչյուրը շարունակելու է աշխատել իր համայնքում՝ կազմակերպելով համայնքային հանդիպումներ, միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, սոցիալական հարթակներում և լրատվական միջոցներում Հայաստանի, գրասենյակի, սփյուռքահայերի ներգրավվածությամբ իրականացվող այլ ծրագրերի վերաբերյալ հրապարակումներ և տեղեկատվական նախաձեռնություններ, որոնց կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում: