Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Ֆրանսահայերի խորհրդի քննարկմանը
11 Հոկրեմբերի 2023
Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը որպես բանախոս մասնակցել է Ֆրանսահայերի խորհրդի «ԱրմԱկադեմիա» հարթակի ներքո կազմակերպված հանդիպում-քննարկմանը: Բանախոսների շարքում են եղել նաև աշխարհաքաղաքագետ, Արտաքին և քաղաքական հարաբերությունների կենտրոնի պրոֆեսոր, IPAG-ի պրոֆեսոր Ալեքսանդր դե Վալը, փաստաբան և Մերձավոր Արևելքի գծով աշխարհառազմավարության մասնագետ Արդավան Ամիր-Ասլանին, Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նատալի դե Օլիվիերան: Նիստը վարել է արվեստի պատմության և սոցիոլոգիայի գիտությունների թեկնածու, HYESTART-ի նախագահ Ալեն Նավարա Նավասարյանը:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը քննարկման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարել հայկական սփյուռքի դերակատարմանը հայկական շահերի առաջմղման, միջազգային կարծիքի ձևավորման և հայրենիքի զարգացման գործում: Բանախոսներն իրենց խոսքում վերլուծել են վերջին տարիներին Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հիմնարար իրավունքների խախտման և միջազգային հանրության գնահատականները:
Քննարկմանը ներկա են գտնվել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանը, Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ և այլք: