Զարեհ Սինանյանը հանդիպել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի ղեկավար կազմի հետ

21 Նոյեմբերի 2023

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության  գրասենյակի հրավերով Հայկական բարեգործական ընդհանուր միությունում ներկայացրել է Հայաստան-սփյուռք գործակցության ուղղությամբ գրասենյակի աշխատանքները: 

Բազմակողմ հանդիպմանը ներկա են գտնվել Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բյոնին (նստավայրը՝ ք․ Թբիլիսի), տեղակալ Վերներ Թութին (նստավայրը՝ ք․ Երևան), ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը:

Զարեհ Սինանյանը հանդիպմանը հանգմանալից անդրադարձ է կատարել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին՝ ուղղված հայկական համայնքների համագործակցության ընդլայնմանը և սփյուռքի ներուժի համախմբմանը։ 

Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է նաև 2023թ․ հուլիսին բացված Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, խոսել կենտրոնի գործունեության և հայրենադարձության խթանմանն ուղղված հետագա նախաձեռնությունների մասին։ 

Իր խոսքում Զարեհ Սինանյանն ընդգծել է միջազգային կազմակերպությունների, բարեգործական և հասարակական կառույցների հետ բազմակողմ համագործակցության կարևորությունն ու գրասենյակի պատրաստակամությունը դրա ընդլայնման հարցում։ 

Գրասենյակի գործընկեր կառույցներ Հայկական բարեգործական ընդհանուր միություն հայաստանյան գրասենյակը և Իզմիրլյան հիմնադրամը ևս ներկայացրել են իրենց գործունեությունը և ծրագրերը: 

Հանդիպման ավարտին քննարկվել են Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։ 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office