Շարունակվում է «Քրդական սփյուռքի հեռանկարները» միջազգային աշխատաժողովը
01 Դեկտեմբերի 2023
Լոնդոնի Միդլսեքս համալսարանում ընթացող «Քրդական սփյուռքի հեռանկարները» միջազգային աշխատաժողովի «Դասեր և սփյուռքի ներգրավման առաջարկներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պատասխանել է մասնակիցների հարցերին։
Հարցեր են հնչել հայրենիք-սփյուռք հարաբերություններում երկկողմ ակնկալիքների ձևավորման, փոխվստահության և անկեղծության, սփյուռքի ներգրավման մեխանիզմների, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներում հայկական սփյուռքի դերակատարության, լոբբիստական խմբերի աշխատանքի և Հայաստանում սփյուռքահայերի ներդրումների վերաբերյալ։
Գլխավոր հանձնակատարը նախևառաջ կարևորեց սփյուռքի հետ երկխոսելու, նրանց ձայնը և տեսակետները լսելու, համագործակցության երկկողմ ճանապարհ որդեգրելու անհրաժեշտությունը։ «Սփյուռքը պետք է ներգրավվածություն ունենա հայրենիքի տարբեր ոլորտների, այդ թվում՝ կառավարման համակարգի աշխատանքում։ Շատ կարևոր է նաև, որ սփյուռքի կողմից տարվող աշխատանքները պահպանեն անցյալ-ներկա-ապագա շղթան, և յուրաքանչյուր գործողություն միտված լինի ապագայի բարեփոխմանը»,-նշել է Զարեհ Սինանյանը։