Գլխավոր հանձնակատարն այցելել է Լոնդոնի «Հայաշեն» և «Հայ հիմնարկ» կազմակերպություններ
07 Դեկտեմբերի 2023
Լոնդոն աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Հայկական տեղեկատվության և խորհրդատվության կենտրոն (Հայաշեն) և հանդիպում ունեցել գործադիր տնօրեն Միսակ Օհանյանի և խորհրդի անդամների հետ: Գլխավոր հանձնակատարին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ծրագրերը, արխիվային նյութերը, ամսագրերը:
Զրույց է ծավալվել համայնքային հարցերի, խնդիրների և կազմակերպվածության, ինչպես նաև Հայաստանի ներկայիս մարտահրավերների վերաբերյալ: Ներկաները հատկապես կարևորել են Հայաստանում սփյուռքի ներուժի ներգրավմանն ուղղված ծրագրերը և հույս հայտնել, որ սփյուռքը գնալով առավել ներգրավված կլինի հայրենիքի զարգացման գործընթացներին:
Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Հայ Հիմնարկ (Armenian Institute), որը հիմնադրվել է 2001 թվականին՝ նպատակ ունենալով խթանել երկխոսությունն ու կապերը Հայաստանի, սփյուռքի և տարբեր մշակույթների միջև: Տնօրեն Խուան դե Լարան ներկայացրել է Հայ Հիմնարկի գործունեությունը, միջոցառումները, դասընթացները, գրադարանի թվայնացման աշխատանքները:
Գլխավոր հանձնակատարը կարևորել է, որ Օքսֆորդի համալսարանի հայագիտության առաջին պրոֆեսորի՝ Գալուստ Գյուլբենկյանի անձնական գրադարանից նվիրաբերված հավաքածուն շարունակում է ընդլայնվել և զարգանալ այլ նշանավոր նվիրատուների ներդրումներով:
Հանդիպման ավարտին քննարկվել են սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների խնդիրները, մարտահրավերներն ու Հայաստանի հետ սերտ աշխատանքի կարևորությունը: