Այցելություն Լոնդոնի «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա դպրոց
08 Դեկտեմբերի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լոնդոնում այցելել է «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարան և հանդիպում ունեցել տնօրեն Ռուզաննա Թաթուլյանի և խորհրդի անդամների հետ:
Վարժարանը հիմնադրվել է 1978թ.-ին և դասավանդվում է հայոց լեզու՝ արևմտահայերեն և արևելահայերեն (դասական և հայաստանյան ուղղագրությամբ), հայոց պատմություն, երգ և պար մանկապարտեզից մինչև իններորդ դասարան:
Տնօրեն Թաթուլյանը նշել է, որ այժմ վարժարանն ունի 130 աշակերտ: Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են Հայաստանից դասագրքերի առաքմանը, հայ համայնքներում հայերենը՝ որպես 2-րդ լեզու քննության հանձնման չափորոշիչներին, պետականորեն ճանաչված վկայականների հանձնմանն առնչվող հարցեր:
«Վարժարանը ոչ միայն կրթօջախ է հայ երեխաների համար, այլև հայկական կենտրոն է նրանց ծնողների համար: Ուրախ եմ, որ երեխաները հաճույքով են այցելում վարժարան: Լիահույս եմ, որ նրանցից շատերին կտեսնենք մեր «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի շրջանակներում»,-նշել է Զարեհ Սինանյանը: