Զարեհ Սինանյանն ավարտել է այցը Ուկրաինա
20 Դեկտեմբերի 2023
Ուկրաինա կատարած այցի ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում մի շարք հանդիպումներ է ունեցել հայկական կազմակերպությունների, պետական և գործարար կառույցների ներկայացուցիչների հետ։
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունում Զարեհ Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում երիտասարդներին ներգրավելու ծրագրերը։
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ուկրաինայի էթնոքաղաքականության և խղճի ազատության պետական ծառայության ղեկավար Վիկտոր Ելենսկու հետ և քննարկել Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքի ուղղությունները և հետագա փոխգործակցության ծրագրերը։
Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև «Baker Tilly Ukraine» միջազգային աուդիտորական խմբի համահիմնադիր, փոխնախագահ և «SIMUL FORTES» գործարարների ակումբի հիմնադիր Գագիկ Ներսեսյանի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև գործարարների ակումբի ղեկավար Լևոն Պետրոսյանը և «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամի ղեկավար Հայկ Աղվանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սփյուռքահայ գործարար շրջանակներին առնչվող հարցեր։