Զարեհ Սինանյանը հանդիպել է Դանիել Դանիելյանի և Վրեժ Քասունու հետ
09 Հունվարի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր, անիմացիոն ֆիլմերի սիրիահայ ռեժիսոր Վրեժ Քասունու հետ:
Զարեհ Սինանյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադրման 15-ամյակի առթիվ:
«Հայկական ֆիլմերն այսօր մեծ ձեռքբերումներ են գրանցում միջազգային ոլորտում, և մեր համատեղ ուժերը պետք է ուղղված լինեն հայկական ֆիլմերի և անիմացիաների զարգացմանն ու տարածմանը՝ նպաստավոր պայմաններ և հարթակներ ստեղծելով հայ մասնագետների փորձի փոխանակման, միջազգային կապերի ձեռքբերման և սեփական նախագծերը կյանքի կոչելու համար»,- նշել է Զարեհ Սինանյանը:
Գլխավոր հանձնակատարն իր խոսքում անդրադարձել է սփյուռքահայ նշանավոր արվեստագետների հետ համագործակցության հնարավորություններին, այդ թվում նաև՝ ֆիլմարտադրության ոլորտում։
Իրենց հերթին հյուրերը ներկայացրել են հայկական անիմացիոն ֆիլմերի զարգացման հեռանկարները՝ նշելով, որ տարածաշրջանում ոլորտի առաջատար երկրների շարքում հայտնվելու համար մեծապես կարևորվում է համատեղ և համակարգված աշխատանքը: