Զարեհ Սինանյանն ընդունել է Մոլդովայի հայկական համայնքի ղեկավարին
11 Հունվարի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանին։
Զրույցի ընթացքում Կարեն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Մոլդովայում հայկական մշակույթի փառատոն կազմակերպելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել Գլխավոր հանձնակատարի վերջերս Մոլդովա կատարած այցի ընթացքում։
Իր խոսքում Զարեհ Սինանյանը կարևորել է մշակութային փառատոնի անցկացումն ու Մոլդովայի հայ համայնքի հետ բազմոլորտ համագործակցության ընդլայնումը։
«Չնայած համայնքի ոչ մեծաթիվ լինելուն, այն ակտիվորեն ներգրավված է Մոլդովայի բոլոր բնագավառներում և միևնույն ժամանակ սերտորեն կապված է հայրենիքի հետ։ Համանման միջոցառումները նպաստում են հայապահպանությանն ու համայնքային կյանքի ակտիվացմանը», - նշել է Գլխավոր հանձնակատարը։
Զրուցակիցները քննարկել են նաև գրասենյակի հետ համագործակցությանը և «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «իԳործ» ծրագրերին ու այս տարի կայանալիք Համաշխարհային հայկական գագաթաժողովին Մոլդովայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների մասնակցությանն առնչվող հարցեր։