Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավարի հետ
11 Հունվարի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանին։
Կառույցի ղեկավարը հանդիպմանը պատմել է շտաբի կողմից Ուկրաինայում և Հայաստանում կատարված աշխատանքների, մասնավորապես՝ ուկրաինահայերին աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությունների մասին, ինչպես նաև ընդգծել է Գլխավոր հանձնակատարի վերջերս Ուկրաինա կատարած այցի կարևորությունը՝ նպատակուղղված տեղի հայկական կառույցների հետ համագործակցության ընդլայնմանը։
Զարեհ Սինանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար և նշել ուկրաինահայերի հետ հետագա աշխատանքի կարևորությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են գրասենյակի ծրագրերի շրջանակում երիտասարդության հետ համագործակցության վերաբերյալ տարաբնույթ հարցեր, անդրադարձ է կատարվել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման և հայոց լեզվի դասավանդման ուսումնական և մեթոդաբանական ձեռնարկների տրամադրման հարցերին։
Զարեհ Սինանյանը զրուցակցին տեղեկացրել է նաև այս տարվա աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական գագաթաժողովի մասին՝ հույս հայտնելով, որ ուկրաինահայերը ակտիվ մասնակցություն կունենան գագաթաժողովի աշխատանքներին։