Զարեհ Սինանյանը մասնակցում է ՄԱԿ-ի Միգրացիայի և զարգացման համաշխարհային համաժողովին
24 Հունվարի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունվարի 23-25-ը Ժնևում մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության Միգրացիայի և զարգացման համաշխարհային 14-րդ համաժողովին։ Այն այս անգամ ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են իրավունքները և միգրացիան, սփյուռքները, կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու շարժունակության վրա, աշխատանքային միգրացիան, մշակույթների պահպանումը, միգրացիայի արդյունքում ձեռք բերված մշակութային ժառանգությունը, միգրացիայի կառավարումը որոշումներ կայացնողների կողմից, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղհասարակությունների և մասնավոր հատվածի համագործակցությունը։
Համաժողովը Ֆրանսիայի նախագահության եզրափակիչ իրադարձությունն է՝ համախմբելով ավելի քան 100 պետությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի բարձրաստիճան ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և երիտասարդ առաջնորդների։
Համաժողովն ընթանում է պանելային քննարկումների, համաժամանակյա նիստերի, բարձր մակարդակի հանդիպումների, կապերի հաստատման միջոցառումների և մշակութային հավաքների ձևաչափով։