Խորհրդատվական աջակցության տրամադրում հայրենադարձ գործարարներին
29 Հունվարի 2024
Հունվարի 26-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել «Խորհրդատվական աջակցություն Ձեր բիզնեսին» խորագրով հանդիպում-քննարկում՝ ուղղված հայրենադարձների բիզնես նախաձեռնությունների քննարկմանն ու պետական աջակցության ծրագրերի և մասնավոր հատվածի առաջարկների ներկայացմանը։
Հանդիպմանը մասնակցել է 50-ից ավելի հայրենադարձ Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Չեխիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Լիբանանից, Իրանից և այլ երկրներից։
Միջացառումը մեկնարկել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ), «Իրիս բիզնես ինկուբատոր» կազմակերպության և Ակբա բանկի կողմից փոքր և միջին բիզնեսի աջակցմանն ուղղված տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների ներկայացմամբ։
Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում Սփյուռքի գործերի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը, ՆՁԱԿ-ի տնօրեն Հայկ Մարգարյանը, «Իրիս բիզնես ինկուբատոր» կազմակերպության միջոցառումների կազմակերպման և համայնքի ներգրավման ղեկավար Նատալի Նասիբյանն ու Ակբա բանկի վաճառքների կառավարման թիմի ղեկավար Արման Մուրադյանը պատասխանել են հայրենադարձների հարցերին։
Հարցերը վերաբերել են ինչպես Հայաստանում նոր բիզնես սկսելու գործընթացներին, հարկային և մաքսային համակարգերի առանձնահատկություններին, ֆինանսական և վարկային հնարավորություններին, այնպես էլ հայրենադարձների հիմնադրած բիզնեսների զարգացմանը։
Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն են ստացել նաև իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ անհատական խորհրդատվությունների շրջանակներում։