Հանդիպում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ
06 Փետրվարի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը հանդիպում է ունեցել «Ջինիշյան» հիշատակի ծրագրի տնօրեն Էլիզ Մինասյանի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանի և հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանի հետ: Հանդիպման նպատակն էր ամփոփել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում եռամյա համագործակցության ընթացքում իրականացված աշխատանքները:
Նախևառաջ ներկայացվել են ծրագրի նպատակները, գրասենյակի և մասնակիցների կողմից իրականացված աշխատանքներն ու դրանց արդյունքները, հաջողված պատմություններն ու դժվարությունները, քննարկվել են նաև ծրագրի բարելավմանն ուղղված հնարավորությունները:
Գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը, բարձր գնահատելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ համագործակցությունը, ընդգծել է ծրագրի կարևորությունը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված գործընթացներում երիտասարդների ներգրավվածության, համայնք-գրասենյակ կայուն կապի և համատեղ աշխատանքների իրականացման տեսանկյունից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու համագործակցությունը 2024 թ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում ևս:
Հիշեցնենք, որ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը 2021 թ. ամբողջությամբ ստանձնեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ամենամյա ծրագրի ֆինանսավորումը: 2022 թ. սկսած՝ ծրագիրն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ և հիմնադրամի աջակցությամբ: