Զարեհ Սինանյանն ընդունել է Լեհաստանում սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանին
22 Փետրվարի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Լեհաստանում սփյուռքի գործերի հանձնակատար, լեհ-հայկական հիմնադրամի տնօրեն Դիանա Հովակիմյանին: Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրումից հետո նրա նշանակումը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին վեց ամիսների ընթացքում Լեհաստանի հայ համայնքում Սփյուռքի գործերի հանձնակատարի գործունեությունը, համայնքային աշխատանքը և հետագայի պլանները: Կարևորվել է Դիանա Հովակիմյանի ակտիվ ներգրավվածությունը լեհահայության կյանքի մշակութային, կրթական և այլ ոլորտներում:
«Սփյուռքի գործերի հանձնակատարներն ընդլայնում են մեր գրասենյակի ցանցային կարողությունները, Հայաստան-սփյուռք գործակցությունը, ապահովում հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները: Որտեղ կայացած հայկական համայնքն կա, որը ցանկություն ունի Սփյուռքի գործերի հանձնակատար ունենալ և ավելի արդյունավետ համագործակցել Հայաստանի հետ, մենք պատրաստ ենք նշանակում անել: Կարևոր է, որ հանձնակատարները Հայաստանից չեն գործուղվում, այս պաշտոնին նշանակվում են համայնքներում ճանաչված և հարգված անձինք: Ակնկալում ենք, որ ավելի ներկայացված կլինենք համայնքներում, իսկ համայնքների կարիքներն առավել հասանելի կլինեն մեզ համար»,-իր խոսքում նշել է Զարեհ Սինանյանը:
Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են հասարակական հիմունքներով և ՀՀ վարչապետի խորհրդականի կարգավիճակով: Այս աշխատանքը վարձատրություն չի ենթադրում: