Մեկնարկել է Գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Ֆրանսիա
23 Փետրվարի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում նա մասնակցել է Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Գլխավոր հանձնակատարը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրված պաշտոնական ընթրիքին:
Փետրվարի 22֊ին մեկնարկել են Զարեհ Սինանյանի աշխատանքային հանդիպումները:
Դեսինում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Դեսինի քաղաքապետ, Օվերնյ֊Ռոն֊Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահ Լորանս Ֆոթրայի եւ Դեսինի փոխքաղաքապետ Դնի Ջորկայեֆի հետ։ Հանդիպման մեկնարկին նա շնորհակալություն է հայտնել Լորնաս Ֆոթրային` հայ համայնքի հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքի համար և նշել, որ Դեսինի հայ համայնքն բարձր է գնահատում նրան և Դեսինի քաղաքապետարանի գործունությունը: «Դեսինում ապրող մեր հայրենակիցները նույնպես յուրօրինակ կամուրջ են մեր միջև բարեկամության խորացման և հարաբերությունների էլ ավելի զարգացման համար»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը։
Այնուհետեւ Գլխավոր հանձնակատրը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և սփյուռքի հետ գործակցության հիմնական ուղղությունները:
Երկուստեք կարևորվել է 2023թ. Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, մասնավորապես՝ Սյունիքի մարզ (Լորանս Ֆոթրան նույնպես եղել է պատվիրակության կազմում), ինչպես նաև շրջանային խորհրդի և Սյունքի մարզպետարանի միջև համագործակցության հուշագրի կնքումը, որը միտված է զարգացնելու և խորացնելու համագործակցությունը բժշկության, տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոցաված համագործակցությունը։